Ազգային ժողովն 111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Մանե Թանդիլյանը, ում խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակառուների կողմից հնչող բազմաթիվ հարցերով։
«Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից»,- նշել էր Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







