Կառավարությունն այսօր՝ հունվարի 30-ի նիստում հավանություն տվեց քրեակատարողական ծառայողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու օրենսդրական փոփոխության նախագծին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց․ «2020 թվականի հունվար ամսվա դրությամբ 125 թափուր հաստիք ունենք քրեակատարողական հիմնարկներում: Թափուր են հիմնականում կրտսեր խմբի հաստիքները, որոնք ամենավտանգավոր ու ռիսկային աշխատանքներն են կատարում ու ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի և ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում»։
Նախարարն ընդգծել է, որ քրեական ենթամշակույթի հաղթահարման ու քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիայից զերծ ենթամշակույթի ձևավորման նպատակով առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել նոր հավելումներ՝ քրեակատարողական ծառայողի դրույքաչափի շուրջ 30 տոկոսի չափով: Բադասյանը նշել է , որ սրանով աշխատավարձի ֆոնդը կավելանա մոտ 1 միլիարդ 588 միլիոն դրամով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







