Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել․ հսկողությունն ուժեղացված է։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածվել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Համաձայն աղբյուրի՝ ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որևէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղևորահոսքի մեջ որևէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ևս այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետ, ծանոթացել ուղևորահոսքի նկատմամբ հսկողության ուժեղացված աշխատանքների ընթացքին։
Հակոբ Ավագյանն արձանագրել է, որ համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքելով, Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել այդ երկրում գտնվող կամ բնակվող շուրջ 400 ՀՀ քաղաքացի։ Նրանցից որևէ մեկը առողջական վիճակի հետ կապված խնդրի մասին չի հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







