Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց թվին նա դասում է նաև ռուսականները, վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը:
«Զարմանքով տեղեկացանք Հակոբյանի այն պնդմանը, թե նման մոտեցումը համաձայնեցվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ բավական վաղուց կայացած միակ զրույցի ժամանակ Հակոբյանի հնչեցրած միտքը, թե ուզում են ստեղծել «նվազագույն սոցիալական փաթեթ» առանց արտասահմանյան հեռարձակողների, ընդունվել է ի գիտություն։ Ընդ որում, դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական հեռուստադիտողներն են»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդհանուր առմամբ, դիվանագիտական առաքելությունից նշում են, որ երկրների ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունների ֆոնին տարակուսանք է առաջացնում «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող» ռուսական հեռուստաալիքների թեզը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Տիգրան Հակոբյանը հայտնել էր` Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







