Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները դադարեցրին բողոքի ակցիան․ նրանք այժմ վերադառնում են Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ՝ զինծառայողի մարմինը հողին հանձնելու։
Պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը դեռևս ոչ մի ապացույց չունի, որ եղել է ինքնասպանություն և այդ մասին ծնողներին ասել է: Խոստացել է ամեն ինչ անել, որ այս գործը 100 տոկոսով բացահայտվի, ոչ մի մութ անկյուն չմնա։
Հարազատները պատմել են, որ իրենց զայրույթը ավելի է սաստկացել, երբ հոգևորականները հրաժարվել են հոգեհանգստի կարգ կատարել, պատճառաբանելով, որ սա ինքնասպանություն է։
Արմավիրի թեմի առաջնորդը վստահեցրել է, որ հուղարկավորությունն այսօր տեղի կունենա քրիստոնյային վայել՝ արարողակարգի բոլոր ծեսերով։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 2-ին առավոտյան, Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երթով հասել են Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի դագաղը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց՝ ի նշան բողոքի։ Զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին առաջ գնալ։ Հարազատների հետ հանդիպեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այդտեղ էր նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Դավիթ Տոնոյանը ասաց, որ իրենց համար էլ գործի բացահայտումը «թասիբի հարց է» և այժմ երեք զինծառայող է ձերբակալվել այդ գործի շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







