Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







