Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին հանդիպել և շնորհավորել է։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ԿԳՄՍՆ-ի կայքում։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել։
«Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Ալբերտ Ազարյանը նշել է, որ իրեն 19 տարեկան է զգում, շարունակում է մարզվել և ոգեշնչել երիտասարդ մարզիկներին: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ 92-ամյակին Ալբերտ Ազարյանին նույն ոգևորությամբ կտեսնի, իսկ շնորհավորելու առիթներն ավելացած կլինեն՝ ակնարկելով, որ Ազարյանի մարզադպրոցի սան Արթուր Դավթյանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում գուցե կդառնա մեդալակիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







