Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ 2020 թվականին Հայաստանը և Սիրիան օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրեն։
«Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել ենք Արտաքին գործերի նախարարության հետ: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2020 թվականի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:
Օդային հաղորդակցության համաձայնագրի հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով` պարզ չէ` ինչու նման պայմանագիր չկա Սիրիայի հետ, որտեղ բնակվում է հայկական մեծ համայնք:
Ռևազյանն անդրադարձավ նաևՀայաստանից դեպի Միացյալ Նահանգներ ավիացիոն թռիչքներ իրականացնելուն և նշեց, որ հայկական ավիացիոն իշխանություններն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ՝ համատեղ ծրագիր ունենալու համար։ Նա նշեց, որ ավիաընկերությունների համար հարմար չէ շաբաթական մեկ թռիչքի իրականացումը, այդ պատճառով հայկական և վրացական կողմերը փորձում են միացնել ջանքերը՝ ավելի մեծ ուղևորահոսք ապահովելու համար։
Ռևազյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է, որ թռիչքները լինեն Լոս Անջելեսի ուղղությամբ, որտեղ մեծ համայնք կա, իսկ վրացական կողմը նախընտրում է թռիչքները իրականացնել Նյու Յորքի ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







