Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանը կդառնար 62 տարեկան։
Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին՝ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել որպես գյուղատնտես։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Վլադիմիրը հստակ գիտակցեց, որ հարազատ հողին վտանգ է սպառնում: Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները`վաճառեց սեփական ավտոմեքենան, զենք գնեց և ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց: Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն այլ շրջաններում ևս նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:
1991թ. ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այդ ծանոթությունը նրանց ընդմիշտ կապեց միմյանց… Այն զորամիավորումը, որը հիմնեցին Լեոնիդը և Վլադիմիրը, կոչվեց «Ազատագրական բանակ»:
Պատերազմի ընթացքում «Ազատագրական բանակը» փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում, անընդմեջ մասնակցելով մարտական գործողություններին, ազատագրեց 24 գյուղ` պաշտպանելով մի ամբողջ շրջան: Միայն երկու անգամ ջոկատը մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը:
Բալայանը զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին ՝ Չայլու գյուղի խրամատներում։ Հանգչում է Աղաբեկալանջի գերեզմանատանը։
Վլադիմիր Բալայանը hետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







