Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանից «Ազատագրական շարժման» երկու մասնակցի են բերման ենթարկել։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին Ոստիկանության լրատվության բաժնից։
Նշենք, որ «Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Նրանք մետրոյի Երիտասարդական կայարանում հայտարարում են իրենց պահանջների մասին և քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց պայքարին։
Հավելենք, որ արդեն մի քանի օր է՝ շարժումը մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է կազմակերպում։ Նրանց նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թույլ չեն տալու միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Տեղեկացնենք, որ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







