Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտում Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ բացվել է կրթական ծրագրերի կենտրոն: Ելույթ ունենալով կենտրոնի շնորհանդեսի արարողությանը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ կենտրոնը ստեղծվում է ՄԱԿ-ի հետ համատեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է կանխել ՄԻԱՎ վարակի տարածումը աշխատանքային միգրանտների, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խմբերի շրջանում:
Միաժամանակ կենտրոնի ստեղծումն ուղղված է Հայաստանում այն ինստիտուտների ամրապնդմանը, որոնք ապահովում են ՄԻԱՎ-ի համաճարակաբանական հսկողությունը՝ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելով համապատասխան լաբորատորիաներին: Այս գործունեությունը 2013 թվականից իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացմանը ներգրավված են Ռոսպոտրեբնադզորը, Ռուսաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունները: Ինչպես նշել Է դիվանագետը, ծրագրի երկու փուլերը հաջողությամբ ավարտվել են:
Ներկայումս իրականացվում է երրորդ փուլը, որը նախատեսված է 2019-2021 թթ.համար։ 2013 թվականից Հայաստանում ծրագրի իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունը հատկացրել է ավելի քան 5 մլն դոլար: Իր հերթին «Ռոսպոտրեբնադզորը» երկկողմ հիմունքներով Հանրապետությանը տրամադրել է 3,5 մլն դոլարի նյութատեխնիկական օգնություն: Ծրագրի շրջանակներում Հայաստանին են փոխանցվել երեք շարժական կլինիկաներ։ Ներկայումս այդ կլինիկաները օգտագործվում են նաեւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար։
Բուժաշխատողների համար կազմակերպվում են սեմինար-թրեյնինգներ, կապվում են դեղատնային ցանցերի հետ։
«Ծրագիրը հնարավորություն տվեց Հայաստանին տպավորիչ արդյունքների հասնել ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում»,- ասել է դեսպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







