ԱԺ-ն քննարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծը ներկայացնող ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նկատեց, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքն այսօր չի արտացոլում ողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները:
Նա շեշտեց, որ առաջացել են նոր մեդիահարթակներ, որոնք չունեն որևէ նույնականացման տվյալ, որով տեղեկատվություն սպառողը կամ պետությունն առհասարակ կկարողանա նույնականացնել տեղեկատվության աղբյուրներին և ըստ այդմ՝ կարգավորումներ իրականացնել:
«Որոշ լրատվամիջոցներ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն, վերցնում են տարատեսակ տեղեկություններ, հղում անում այդ չնույնականացված աղբյուրներին և ազատվում պատասխանատվությունից: Մենք առաջարկում ենք նոր հասկացություն ավելացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ չնույնականացված աղբյուրներ, որը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին ու ստեղծողին»,- ընդգծեց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկում են լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում:
«Մենք պետք է բովանդակության համար պատասխանատվություն սահմանենք, ուստի լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, բայց արդեն չեն ազատվի պատասխանատվությունից: Եթե կա խնդիր բովանդակության հետ, ապա պատասխանատվությունը կրելու է լրատվամիջոցը»,- առաջարկվող փոփոխությունները նեձրկայացրեց իշխանական պատգամավորը։