Երևանի քաղաքապետարանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Այդ մասին լատվականին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:
Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարանում է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:
Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:
«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացն առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է»,- պատասխանել է Կարապետյանը:
«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի կառավարությունը հավանություն տա առաջարկին՝ ընկերությունն ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։
Միևնույն ժամանակ, ըստ Աբրամսոնի՝ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել ընդհանուր Երևանի մետրոպոլիտենի զարգացման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







