«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԲԿ-ի պաշտոնական էջում։
«Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,-ասված է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ժամեր առաջ դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։ Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ հրապարակված ձայնագրության հիման վրա: Ըստ ձայնագրության, Չարչյանը պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։
Հավելենք, որ Չարչյանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







