Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուշարձանը տեղադրված էր Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։ Ավելի վաղ Մահաթմա Գանդիի հուշարձանի հրկիզումը քննադատության էր արժանացել մամուլում և սոցցանցերում։ Նշենք, որ հուշարձանը տեղադրվել էր նախորդ տարի՝ Գանդիի 150-ամյակի կապակցությամբ՝ Երևանի ավագանու որոշմամբ։ Հրկիզման դեպքը դատապարտել ու վանդալիզմ էր որակել Երևանի քաղաքապետարանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







