Փորձելու են ամեն ինչ անել պատվաստվողների մեծ թիվ ունենալու համար, ինչը կնպաստի կորոնավիրուսի ցուցանիշների նվազմանը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ պատվաստումը կարևոր կանխարգելիչ միջոցառում է, որ կօգնի հաղթահարել կորոնավիրուսը։
«Մենք անընդհատ տագնապի վիճակում ենք, ամեն ալիքի հետ հիվանդության ծանր դեպքերի թիվն ավելանում է, ներմուծվում են նոր շտամներ, ուստի պետք է օր առաջ կանխենք հիվանդության տարածումը: Պետք է լայնացնենք պատվաստվողների շրջանակը, ապահովենք հանրային իմունիտետ և ցտեսություն կասենք այս արհավիրքին»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը շեշտեց՝ «AstraZeneca»-ով պետք է պատվաստվեն 55-ից բարձր տարիքի անձինք, բայց տեսնելով, որ շատ երկրներում բոլոր տարիքային խմբերն էլ պատվաստվում են դրանով, հնարավորություն ստեղծեցինք, որ ցանկացողներն այդ պատվաստանյութով պատվաստվեն։
Ավանեսյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ Չինաստանից Հայաստան կներմուծվի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ իրենք պատվաստվել են «AstraZeneca»-ով, որպեսզի իրենց օրինակով ցույց տան, որ այն վստահելի պատվաստանյութ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







