2020 թվականին Հայաստանում առաջին անգամ քաղաքային բնակչության ծնելիության գործակիցը գերազանցել է գյուղական բնակչության ծնելիությունը։ Այս մասին հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակին նվիրված քննարկմանը հայտնել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եթե քաղաքներում ծնելիության գործակիցը կազմել է 1.66, ապա գյուղերում՝ 1.46, որը նշանակում է, որ քաղաքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան գյուղական բնակավայրերում, ինչը նոր մարտահրավեր է։ Հայաստանի կառավարությունը զարգացման ծրագրեր մշակելիս պետք է հաշվի առնի այդ գործոնը։ Աննա Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկիր է։
Հովհաննիսյանը նկատել է, որ 2020 թվականին Հայաստանում առաջին անգամ գրանցվել է միգրացիայի դրական մնացորդ՝ 3320 մարդ, ինչը պայմանավորված է COVID-19 համաճարակի պատճառով մտցված սահմանափակումներով, առաջին հերթին՝ սահմանների փակմամբ: Դրանց բացման դեպքում տվյալ մնացորդը հազիվ թե հաջողվի պահպանել։
Պետության համար ևս մեկ մարտահրավեր է բնակչության բնական աճի գործոնը, որը 2020 թվականին էականորեն նվազել է։ 1990-ի համեմատ երկրում ծնունդների թիվը նվազել է 54 անգամ։ Անցյալ տարի մահացությունները 10 հազարով գերազանցել են ծնունդներին։
Ըստ էության, Գեղարքունիքի մարզից ու Երևանից բացի, մնացած բոլոր մարզերում բնական աճի անկում է արձանագրվել։ Միաժամանակ, մարդիկ սկսել են ավելի մեծ տարիքում ամուսնանալ։ 2019 թվականին ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմել է 30,5, կանանց՝ 27,5 տարի։ 2020 թվականին ամուսնությունների թիվը կրճատվել է 20 տոկոսով, ինչը նույնպես պայմանավորված է կորոնավիրուսի հետեւանքներով, քանի որ շատ քաղաքացիներ որոշել են ամուսնությունը հետաձգել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







