Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը` մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ։ Facebook-յան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ասում են, երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալ: Տեսնում ենք, թե քանի ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր։ Աստված տա շատ ընտանիքներում վառվի հույսի լույսը…
Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին, թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց, ժպիտով… երբեմն էլ անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով, բայց, թաց աչքերով…»,- գրել է Մուրադյանը։
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ: Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







