Տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք։ Այս մասին «Առաջին լրատվականին» տված հարզացրույցում նշեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա բնակիչներին հորդորեց այդ տագնապներից խուճապի չմատնվել, այլ հետևել պահանջվող կանոններին։
«Մենք մարդկանց շչակների տեսքով ազդարարում ենք, որ միացել են այդ տագնապները։ Իրազեկում ենք նաև հաղորդագրությունների միջոցով։ Երբ մենք տալիս ենք օդային տագնապի վերաբերյալ ազդանշանը, քաղաքացիներին այդ մասին նաև հաղորդագրություն ենք ուղարկում։ Սպասվող տագնապի մասին նաև լրատվամիջոցներով են հաղորդագրություններ ուղարկում։ Հետաքրքիր է՝ օրինակ, Արցախում բոլորը մեկ մարդու նման գիտեն, թե ինչ պետք է անեն տագնապների դեպքում։ Մարդիկ նույնիսկ երկար ու կարճ ազդանշաններն են միմյանցից տաբերում»,- ասաց փոխնախարարը։
Քաղաքացիների կողմից ռազմաճատ և Արցախի բնակչությանն ուղարկվող ապրանքները համակարգելու նպատակով նախարարությունում ստեղծվել է սոցիալական և նյութական ապոհավման շտաբ։ ԱԻՆ-ը աջակցում է, որ հումանիտար օգնությունը հասնի Արցախ։
«Քաղաքացիների կողմից հավաքված սնունդն ու հագուստը, ինչպես են նաև դրսից ուղարկած հումանիտար օգնությունն ԱԻՆ-ը ստանում է փաստաթղթավորված, որոնք մեկ տեղում են հավաքվում։ Հետո ապրանքը դասակարգվում է։ Նախ ուղարկում ենք առաջնագիծ, հետո սնունդ է հասցվում Արցախում ապաստարաններում գտնվող մարդկանց։ Սնունդի մի մասը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ենք հասցեագրում, որն ուղարկվում է Արցախից տեղափոխված բնակիչների համար»,- կատարվող աշխատանքները ներկայացրեց Փամբուխչյանը։
Այս պահին մեծ քանակությամբ կուտակված հագուստ կա, որի կարիքը չկա։ Նման իրավիճակներում չհայտնվելու դեպքում, Արմեն Փամբուխչյանը բնակչությանը կոչ է անում հետևել իրենց հայտարարություններին և ուղարկել այնպիսի ապրանքներ, որոնց կարիքը կա։
ԱԻՆ-ի ներկայացուցիչը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ տան պայմաններում պատրաստված սնունդ չեն ընդունում։ Իսկ հրուշակեղենը, շաքարավազը, պահածոները, ջուրն ու հիգիենայի պարագաներն ամենապահանջված ապրանքներն են, որոնց կարիքը զգում են ինչպես առաջնագծում, այնպես էլ ապաստարաններում պատսպարված քաղաքացիները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







