Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շրջակայքում ապրող 70 բնակիչներից մեզի, եղունգների, ինչպես նաև փոշու նմուշառումներ են կատարվել՝ նրանց առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով: Բնակիչներն Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրերի գյուղացիներն են։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը։
Որ տարածքում «Նահատակ» պոչամբարը գործում է՝ գյուղացիները դժգոհում են առողջական խնդիրներից։ Գանգատվում են սիրտ-անոթային, շնչառական, ստամոքսային հիվանդություններից, հաճախ են գլխացավեր ունենում։ Իսկ ալերգիաներից փոքրիկներն են բողոքում։
Այդ տարածքում աղտոտվածությունը պարզելու նպատակով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» չեխական «Արնիկա» ՀԿ-ի հետ հետազոտություններ է սկսել։
«Ուզում ենք պարզել, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը որքան է անցել մարդու օրգանիզմ, որքան են կազմում ծանր մետաղների քանակը մարդկանց օրգանիզմում և դրանք ինչ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։ Մեր նպատակն է, որ Հայաստանում ներդրվի շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատող քաղաքականություն, որի շրջանակներում փոխհատուցման համակարգ լինի։ Պետական մակարդակով պետք է իրականացվեն կանխարգելիչ և հետևանքների վերացման միջոցառումներ։ Բնակելի տարածքները անհապաղ պետք է մաքրվեն թափոնակույտերից»,- կարևորեց Դուլգարյանը։
Բացի առողջական վնասներից, բնակիչների համար գլխացավանք դարձած «Նահատակ» պոչամբարը նաև տնտեսական վնասներ է հասցրել։ Դեռ 2015 թ. փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը։ Չնայած կապարի` առողջության համար խիստ վտանգավորությանը, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։
«Կարելի է ասել ՝ պոչամբարի ափին գտնվող բնակելի տները փաստացի արդեն կորցրել են իրենց տնտեսական արժեքը։ Եթե բնակիչը ցանկանա այդ տունը վաճառել, այն իրենից ոչ ոք չի գնի և չի էլ գնում, քանզի նման փորձն արդեն առկա է։ Փոխհատուցումը դառնում է անխուսափելի բաղադրիչ»,- նկատեց նա։
2018-2019 թվականին այդ տարածքներում հետազոտվել են հողի, մրգի, բանջարեղենի և մազերի նմուշները: Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի նորմայի գերազանցումներ: Վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր:
Իսկ բնակիչներից վերցրած նմուշառումների պատասխանները հայտնի կլինեն 2 ամսից։
Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել «Նահատակի» պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացի շարունակական ձգձգման վերաբերյալ։ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող «Նահատակի» պոչամբար։
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի «Նահատակի» պոչամբարի շահագործումը՝ ռեկուլտիվացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կառուցվում է գործարանի պոչերի չորացման և հարստացման արտադրամաս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







