Հագուստի և կոշիկի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող իրենց կողմից ներկրվող ապրանքային անվանացանկի մաքսազերծման նոր պայմաններից դժգոհ գործարարները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել։
Այսօր հագուսի ու կոշիկի ներկրմամբ զբաղվող գործարարները հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Իրավիճակը բավական լարված է. ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին, սակայն ցուցարարները դա թույլ չեն տվել։
Գործարարները դժգոհ են ոչ միայն աճող մաքսավճարներից, այլև իշխանությունների վերաբերմունքից։
«Մենք շատ նեղացած ենք, երբ պետք էր գնալ Փաշինյանի հետևից, մենք քայլում էինք, այն ժամանակ լավն էինք, հիմա վատն ենք», – ասում են ցուցարարները: «Մենք ստացել ենք բացասական պատասխան՝ նրանք չեն պատրաստվում որևէ զիջման գնալ, մեզ ոչ մի ժամկետ չեն տրամադրում։ Այդ մասին մեզ ուղղակի ասել են ՊԵԿ-ում», – հայտարարեց առևտրականներից մեկը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ից փոխվել են հագուստի և կոշիկի մաքսազերծման պայմանները։ Այսուհետ վերացվում է մաքսազերծումն ըստ քաշի, իսկ հաշիվ-ապրանքագրում պետք է նշվի ապրանքի ճշգրիտ քանակը, գինը, անվանումը և մոդելը։ Կեղծ տեղեկություններ տրամադրելուն կհաջորդեն վարչական միջոցները։ Ներմուծողները պնդում են, որ նախնական նախագիծը ենթադրում էր հարկային վճարումների ավելացում՝ 6 անգամ։
Հագուստի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում Կառավարության շենքի և Պետեկամուտների կոմիտեի առջև։ Ցուցարարներից ոմանք հանդիպել են վարչապետի օգնականի հետ, այժմ սպասում են հանդիպման արդյունքներին։ Նրանք պահանջում են մեկ տարով հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը և ժամանակ տալ։ Առևտրականները հանդիպել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։ ՊԵԿ-ը գործարարներին կոչ է անում համատեղ աշխատել հանուն փոխադարձ համաձայնության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







