ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռը ներկելու համար ծախսված միջոցների մասին մամուլում տարածված տեղեկությունները չեն համախատասխանում իրականությանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Նախկինում արված գրառումը կիսով չափ ջնջվել էր, ներկը թափում էր և խնդիր էր առաջացել այն թարմացնել: Բայց կրկնում եմ, որ ներկայացվող ծախսերը չեն համախատասխանում իրականությանը և բացարձակ սուտ են»,- նշել է Է. Աղաջանյանը: Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել տվյալ տեղեկության հետ կապված մանրամասները, քանի որ, ըստ նրա, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ ինֆորմացիան գաղտնիք է:
Անդրադառնալով կառավարության նիստի ընթացքում զեկուցվող հարցերի թվի նվազման մասին հարցին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում:
«Որոշում կայացվեց, որ նմանատիպ հարցերին կառավարության նիստի ընթացքում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունեն, որի համար արժեր կառավարության նիստի ընթացքում քննարկել»,- նշել է Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ կառավարության նիստի օրակարգում տեղ գտած հարցերի բովանդակությունն ամբողջովին հասանելի է թե՛ լրագրողներին, թե՛ հանրությանը: Իսկ վարչապետի աշխատակազմը իրավունք ունի իրականացնել կառավարության նիստերին քննարկման դրված հարցերի ընտրությունը:
Նա համաձայնել է, որ ընտրված հարցերը սուբյեկտիվություն են պարունակում, բայց, ըստ նրա, հասարակության տարբեր հատվածների համար կարող են տարբեր հարցեր հետաքրքրություն ներկայացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







