«Կոնկրետ պետք է հասկանանք, թե կատալիզատորի պատմությունն ինչ պետք է լինի։ Հասկանանք՝ ուր ենք գնում. եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ վեց ամիսը մեկ բոլորը մեքենաների կատալիզատորները պետք է փոխեն, շատ լուրջ բեռ է առաջանում»։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ անդրադառնալով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նրա խոսքով, աշխարհում երկրների 60%-ում մեքենայի տեխզննում գոյություն չունի, որտեղ էլ գոյություն ունի՝ առանց կատալիզատորի տեխզննում չկա։
«Հիմա դուք ո՞ր ճանապարհն եք բռնել։ Կամ տեսեք, մենք 40-41 կայան ունենք, որոնցից ամենաշատը 35-ն է գործում։ Եթե օրենքի կիրառումը սկսի աշխատել, ապա ծանր մեքենաների դեպքում խնդիրը դժվար կլինի, քանի որ ծանր մեքենաների չնչին մասի համար կա քարշակ, հիմա օրենքի կարգավորում ենք բերել, որ եթե խոշոր մեքենան մտավ երկիր և այս երկու կետով՝ կատալիզատորի կամ տեխզննան խնդիր ունի, չի կարող երթևեկել։ Բայց քանի՞ օրում դուք կկարողանաք քարշակ ճարել, որ տեխզննում չանցած ծանր մեքենան տեղից շարժվի։ Այսինքն՝ այս նախագիծը շատ կարգավորման կետեր ունի, և պետք է օրենքը հետ կանչեք ու նորից լուրջ նայեք։ Ես չէի ուզի, որ տեղխզննման հարցին այսքան մատների արանքով նայենք, դա ամենակարևոր բանն է այսօրվա երթևեկության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվել է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







