ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը քննարկեց ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացի վերաբերյալ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։
Այդ փոփոխությունները և լրացումները կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և մեքենաների արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն։
Փոխնախարարը նշեց, որ սա հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողությունն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
«Փոխվել է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունը կատարել թողարկման 4-րդ տարում: Մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարվանից բարձր՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննություն կանցնեն մինչև 10 տարեկան՝ տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան երկու անգամ պարբերականությամբ», — նշեց Սիմոնյանը։
Արմեն Սիմոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ սահմանվել է վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու և առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար՝ ընդհուպ լիցենզիայի դադարեցում:
Համաձայն փոփոխությունների՝
— տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում,
— թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել՝ ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ.
— թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել՝ ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` երկու տարին մեկ անգամ.
— թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.
— թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում՝ նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.
-տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին՝ նշված ամսվա վերջին օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







