ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին:
«Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս և կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան ևս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաև վերսկսել ուսումնական գործընթացը»,- գրառման մեջ նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը հույս է հայտնել, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի և հնարավոր կլինի մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







