Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների փոխնախարար Ալեքսեյ Վոլինի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի միջև բանակցություններ են անցկացվել թվայնացման, կիբերանվտանգության, հեռարձակման և հաղորդակցության բնագավառներում ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են կորոնավիրուսային համաճարակի պատճառած օբյեկտիվ դադարից հետո այս ոլորտում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
Մտքերի փոխանակություն տեղի ունեցավ զանգվածային հաղորդակցության ոլորտում հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում ՝ ԵԱՏՄ շրջանակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ընդլայնել կապերը Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև պարբերական հանդիպումների, համատեղ միջոցառումների, ինչպես նաև պատվիրակությունների տարեկան փոխանակման համակարգի ստեղծման մասին:
Բանակցություններին մասնակցում էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







