ՀՀ ազգային ժողովը շարունակում է քննարկել արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո կարանտին հայտարարելու կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման անցնելու ժամանակ կատարվել են որոշակի փոփոխություններ։
«Նախ հստակ ընդգծվել է, որ իմունականխարգելումը չի կարող կատարվել առանց անձի համաձայնության։ Հստակեցվել են նաև մի շարք երկրներ՝ «անապահով երկրներ» բառերը փոխարինվել է «անբարենպաստ երկրներ» բառերով, «կասկածելի անձինք» հասկացությունը՝ «հնարավոր վարակակիր» հասկացությամբ, «կոնտակտավոր անձինք» հասկացությունը հստակեցվել է՝ կոնտակտավորին սահմանելով որպես տվյալ վարակիչ հիվանդության ինկուբացիոն շրջանում վարակակրի հետ շփված անձ, ճշտվել է, որ կոնտակտավոր անձանց վերաբերյալ տվյալները կարող են ուսումնասիրվել նրանց ինկուբացիոն շրջանում, այսինքն, ոչ թե ցանկացած ժամանակ շփված լինելու, այլ հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալու շրջանում։ Վարչական դատավարության օրենսգրքում այդքան քննարկված տասնօրյա ժամկետը փոխարինվել է մեկամսյա ժամկետով ՝ ընդունելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը։ Նախագծից հանվել է միջազգային առողջապահական կանոնների պահպանման հոդվածը, ուստի միջազգային առողջապահական համակարգերի հետ կապված մտահոգությունները ըստ նախագծի այլևս առկա չեն»,- ասաց Գրիգորյանը։
Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխությունները միտված են պետությանը ընձեռել գործիքներով երկարաժամկետ ժամանակահատվածում պայքարելու համաճարակի դեմ՝ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







