«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում։ Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,- գրել է խոսնակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում։
Պարզվել է, որ սպիրտի տարայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե-ն (ծնված 1996 թ․) և Հարություն Մ-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







