Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա, կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի»,- գրել է ԱՀ նախագահը։
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երևանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով և ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետևակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ:
26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:
Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»։
Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձև պաշտպանության դիրք գրավել և ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկը՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաև դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է:
Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա և շարունակել հրետակոծությունը:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաև ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչև այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:
Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







