Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ապամոնտաժվել է բնակելի տներին մոտ կառուցված էլեկտրական ենթակայանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել է իր իրավունքների խախտմամբ:
Նշվում է, որ ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը: Խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
Քաղաքացին պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ էլեկտրական ենթակայանը ապամոնտաժվել է, այսինքն՝ բողոքում բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







