ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հուսով է, որ այսօր Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:
«Հուսով եմ՝ այսօր արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Այսօր երկրում համաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության: Առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է: Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը.
«Այսօրվա դրությամբ գրանցվել է 40 794 դեպք, առողջացել է 33492 մարդ, բուժում է ստանում 6262 պացիենտ, ցավոք, ունենք մահվան 806 դեպք, 57 ծահյրահեղ ծանր դեպք, թոքային օդափոխման սարքերին միացված 20 պացիենտ: Փաստացի բուժվողների թիվը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս, վիճակը գնահատվում է դեպի թեթև ընթացող, օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռ համարում բարձր, բայց եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին հետազոտությունների 25-30 տոկոսի, ապա ներկայում 10-15 տոկոսի, սա նշանակում է, որ հայտնաբերելիությունն էապես բարելավվել է»,- հայտարարեց Ավինյանը:
ԱԺ հատուկ նիստում Ավինյանն առանձին առանձնացրեց մի շարք սահմանափակումներ, որոնք հանվում են արդեն այսօր՝ չսպասելով արտակարգ դրության ռեժիմի ամբողջական չեղարկմանը:
Փոխվարչապետը նշել է, որ այսուհետ հանվել են հավաքների և գործադուլների ազատ անցկացման հետ կապված բոլոր սահմանափակումները, սակայն մասնակիցները պետք է դիմակներով լինեն և պահպանեն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը:
Թույլատրվում է կազմակերպել ընտանեկան միջոցառումներ, բայց ոչ ավելի, քան 40 մարդ ներգրավվածությամբ։ Ընդ որում, տնտեսական գործունեություն համարվող զանգվածային միջոցառումների վերաբերյալ որոշումները կընդունվեն, ըստ Ավինյանի, առաջիկա օրերին։
Օդային ճանապարհով Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է, ինքնամեկուսացման 14 օրվա պահանջը պահպանվում է, պահպանվում են նաև սահմանափակումները ցամաքային տրանսպորտով պետական սահմանը հատելիս: Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումների կիրառման հնարավորությունը, վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետով, նշել է Ավինյանը:
Սեպտեմբերի 15-ից ուսումնական գործընթացը կվերսկսվի հանրակրթական դպրոցներում, տարրական եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, Ստեղծագործական դպրոցներում: Բուհերի վերաբերյալ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ։
Բացվում են թանգարաններ և գրադարաններ, իսկ համերգներն ու թատերական բեմադրությունները դեռ կարող են անցկացվել միայն բաց հարթակներում։
Ընթացքի մեջ է դեպի Հայաստան մուտքի և ելքի, երկրի ներսում քաղաքացիների հանգստի կազմակերպման կանոնների մշակումը:
Վերանայվելու է նաև որոշակի բաց հասարակական տարածքներում դիմակներ կրելու պահանջը։
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Նշենք, որ կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մինչև սեպտեմբերի 11-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







