ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N1555-Ն՝ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» որոշման մեջ փոփոխություններ կատարել։
Որոշմամբ սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) են տրամադրվում 1991 թ.-ից առ 2019 թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտրածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:
Նշվում է, որ նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում՝ շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախարարությունում գործող համապատասխան հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու ևս 22 շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու հարցը:
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ավելի քան 130 դիմողների մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը տարբեր պատճառներով: Մասնավորապես նրանց մի մասը մինչև 18 տարեկանն են դուրս գրվել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադառնալու, այլ հաստատություն՝ խնամքի գիշերօթիկ, ուսումնական, մասնավոր մանկատուն տեղափոխվելու նպատակներով: Մերժման մյուս պատճառը սեփականության իրավունքնով բանկտարածություն ունենալն է կամ դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում բնակտարածություն օտարելու հանգամանքը:
ԲԳՎ տրամադրումը մերժված անձանց խնդրին լուծում տալու նպատակով հարցը քննարկվում է նրանց կրկնակի դիմելու պարագայում: Նման դեպքերում դիմողների գործերը չեն ուսումնասիրվում, եթե դիմողը մանկատնից դուրս է գրվել կենսաբանական ընտանիք կամ խնամակալի ընտանիք վերադառնալու հիմքով, ինչպես նաև այն դեպքերը, եթե դիմողը խնամվել է ոչ պետական մանկատանը կամ դուրս է գրվել մինչև 1991 թվականը:
Նախագծով ՀՀ մանկատներում խնամված 24 անձինք կստանան ԲԳՎ-ներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







