«Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. մարտ ամսից ի վեր ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ», ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ նաև վարակակիր է եղել, չի իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չի փոխանցել վարակը:
«Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը»,-նշել է նա:
Վարչապետի դստեր խոսքով՝ կանոնները պահպանել է ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել է իր ընտանիքին, հարազատներին ու հայրենակիցներին համաճարակից պաշտպանելու համար:
«Խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:
Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի և փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին։ Թերթի աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է եղել վերոնշյալ հավաքույթից: Այնպես որ, Հայկ Սարգսյանի արդարացումները տեղին չեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







