Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել ենք և եկել այն եզրակացության, որ մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ կար մոտեցում, որ այդ գյուղերը գտնվում են գնդակոծման և ուղիղ նշանառության տակ, և այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այլ տրամաբանությամբ։
«Սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլև պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն։ Պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտում է, այլ սահմանապահ գյուղերից ՀՀ-ն սկսվում է»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ քաղաքացին ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ արդեն յոթ տան վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ղուլարյանը տեղեկացրեց, որ տասը տուն էլ մաքրման աշխատանքների փուլում է:
«Յուրաքանչյուր գյուղում կա մեկական առավել վնասված տուն: Կարծում ենք, որ պետք է առաջին հերթին Չինարիի տան վերականգնման աշխատանքներն իրականացվեն, որի ընտանիքը բազմազավակ՝ տասը հոգուց է բաղկացած՝ հինգ երեխա»,- ասաց Ղուլարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







