Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ իրադրությունը սրվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու կիրառմամբ փորձել են գրավել հայկական հենակետը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը ընդմիջումներով շարունակել է սահմանամերձ գոտում հայկական դիրքերի ու բնակավայրերի գնդակոծությունները: Ադրբեջանական զինուժը կիրառել է զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:
ՀՀ ՊՆ-ն հայտնել Է մարտական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողների մասին: Ըստ Բաքվի տեղեկատվության՝ ադրբեջանական զինուժի կորուստները կազմել են 12 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







