Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

Նրանք ամենաթանկագինը դրեցին զոհասեղանին․ Փաշինյանը՝ զոհված զինծառայողների մասին

Նրանք ամենաթանկագինը դրեցին  զոհասեղանին․ Փաշինյանը՝ զոհված զինծառայողների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ներկա էր «Եռաբուր» զինվորական պանթեոնում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։

Վարչապետը ելույթ ունեցավ պանթեոնում։

Փաշինյանի ելույթում մասնավորապես ասվում է․

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Վեհափառ Տեր, կառավարության հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հայրենիք- պետություն ունենալը պատասխանատվություն է, որն ընկած է ժողովրդի, հանրության ուսերին։ Ընդհանրական այս պատասխանատվությունը սակայն կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե այն մենք թողնենք միայն ժողովուրդ, հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև։

Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել, և ի՞նչ կապ ունի մեր այսօր այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ։ Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։ Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որն ունի մարդը, նրանք հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքի անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ»։

Վարչապետը նշեց, որ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանը և Սմբատ Գաբրիելյանը նահատակվեցին, բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև հայրենիք-պետության ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը։ Մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը, իհարկե ոչ։

«Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին, վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով։ Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանը և Սմբատ Գաբրիելյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ։ Սա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ մենք ամեն Աստծո օր պետք է մեր միտքը մարզենք, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին։ Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, որոնք այսօր մարտի դաշտում հայրենի հողը պաշտպանելիս խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և վստահություն ու հպարտություն են ներշնչում բոլորիս։

«Այդ մարդիկ հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը։ Մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի. այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն։ Միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել։ Մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Գաբրիելյան, Մաթևոսյան, Էլբակյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն։ Խոնարհվում եմ ձեր և ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը և կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,– ասաց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+