Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը:
Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ 2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Օրենքով սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են:
«Ի սկզբանե նախատեսված է եղել ժամկետ: Օրենքի նախագիծն ընդունելու պահին այդ ժամկետը եղել է 2 տարի, այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ին գործընթացը պետք է ավարտվեր: Սակայն 2017 և 2018 թթ. իրականացված աշխատանքները չտվեցին բավարար արդյունք, և 2019-ի հունվարի 1-ի դրությամբ թվայնացվել էր դեռևս 270 հազար հատ աշխատանքային գրքույկ»,-ասաց Սաիյանը:
Նախարարության նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Սակայն սա ևս բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար, այս ընթացքում շուրջ 125 հազար աշխատանքային գրքույկներ են թվայնացվել:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Սաիյանը մանրամասնեց՝ նախատեսվում են հստակ ժամկետներ, թե գործատուն ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին:
Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:
Նախարարության գնահատմամբ՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







