Բավական տարօրինակ է, որ նորաստեղծ, մեկշաբաթանոց կազմակերպությանը տրամադրվում է վարկավորման նման հնարավորություն ։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Ucom ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով TEAM Telecom Armenia ընկերության տնօրեն Հայկ Եսայանի հայտարարությունն այն մասին, որ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ձեռք է բերվելու բացառապես վարկային միջոցներով։
«Իմ ավելի քան 10 տարվա գործունեության ընթացքում ես այլ դեպք չեմ հիշում, որ կազմակերպությանն այդպիսի ծավալների գործարքների համար 100 տոկոսանոց վարկ տրամադրվի՝ առանց սեփական միջոցների ներդրման,- նշեց Օրբելյանը,- այդ ծավալներով վարակավորում եղել է գումարի կամ ակտիվի ինչ-որ մի մասի, որպեսզի մյուս մասով ռիսկը կրեն ներդրողները, քանի որ հակառակ դեպքում ստացվում է առանց ռիսկի ներդրում»։
Օրբելյանը նշեց, որ նման վարկի հատկացումն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, և այստեղ ակնհայտ է գործընթացի թափանցիկության խնդիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







