ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, համաձայն կառավարության հիմնավորման, բխում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:
Նշվում է, որ ներկայումս, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված, արտակարգ իրավիճակում պետական ռեսուրսները բավարար չեն բնակչությանը որակյալ և անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար, ուստի համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել:
Նշված օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Նախագծի ընդունմամբ՝ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Սույն իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները, հետևաբար այն վերաբերելի չէ ո՛չ պացիենտներին, ո՛չ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին։