Մենք շուրջ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որոնք, իհարկե, համեմատաբար թեթև դեպքեր էին, բայց ստիպված էին ինչ-որ ժամանակ տանը սպասել, որպեսզի հնարավոր լիներ հոսպիտալացնել, հիմա այդ իմաստով փոփոխություն ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ տրիաժ կենտրոն հայտնած և տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չկան:
«Նաև շատ փոքր թիվ ունենք, որ մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատություններ: Նրանց թիվը այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ 13 է»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ առողջապահական համակարգն աշխատում է լարված, նոր ծավալումներ դեռ լինելու են առաջիկա շաբաթներին ու ամիսներին:
«Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում չկա»,- ասաց Թորոսյանը։
Վարչապետն էլ հավելեց, որ վերջին շրջանում ունեցանք ծավալումներ Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք նոր վերակենդանացման բաժանմունքների բացում «Էրեբունի», Միքայելյան վիրաբուժության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում»:
«Էրեբունի» ԲԿ-ում վերակենդանացման նոր բաժանմունքը մեկ շաբաթից կսկսի գործել։ Այն ունի 25 մահճակալ, որը կտրամադրվի այլ հիվանդությունների համար, իսկ գործող 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ կտրվի կորոնովիրուսով հիվանդների համար: Մյուս երկու ԲԿ-ներում ծավալումը շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում, դրանք զրոյից են ստեղծվում: Նախնական թիրախային ժամկետները օգոստոսի կեսից մինչև սեպտեմբեր է։ Եթե ակնկալենք, որ ամբողջ աշխարհում սպասվում է դեպքերի աշնանային աճ, ապա ծավալումը շատ տեղին է»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







