Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց — Արշակունյաց պողոտա — Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց — Սևանի փողոց — Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







