Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոն կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին: Այս մասին գրում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը.
«Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով»:
Նա նշել է, որ նոր կլինիկայում կա մասնավորապես՝ Կենդանիների պահման կարանտինային գոտի, Կացարան, Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան:
«Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան»:
Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին: