Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե որքանով են Հայաստանում լսում մասնագիտական հանրության կարծիքը համաճարակի պայմաններում, չէ որ շատ երկրներում կառավարություններին կից ստեղծվում են մասնագետների խմբեր, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ:
«Կառավարության հետ մասնագետներն աշխատում են առաջին իսկ օրերից, բացի այդ, մենք մի քանի քննարկումներ ենք նախաձեռնել մասնավորապես, Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովի հետո, և պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը կհավաքագրի առաջարկությունները և դրանք կփոխանցի պարետատուն», – ասել է վարչապետը:
Սակայն, ընդգծել է Փաշինյանը, աշխարհում չկա գաղտնի կամ փակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Եվ մենք ոչ մի խնդիր չունենք գիտելիքների առումով, թե ինչ պետք է անենք, մենք խնդիրներ ունենք վարքագծի կանոնների պահպանման տեսակետից։
«Այդ պատճառով մենք ամեն օր բախվում ենք մինի-կամ մաքսի-ճգնաժամերի, ինչպես, օրինակ, Varks.am-ի հետ կապված, երբ պարզվել է, որ լուծարվող ընկերությունը հաճախորդներին հայտնել է, որ պարտքի որոշակի մասի վճարման դեպքում մինչև հունիսի 30-ը նրանք կազատվեն տուգանքներից և տույժերից,և ընկերության մասնաճյուղերի առջև ստեղծվել են բազմություններ», – նշել է Փաշինյանը:
Բայց վարքագծի կանոնների չպահպանումը ամենևին էլ զուտ հայկական ֆենոմեն չէ, դա բնորոշ է ամբողջ աշխարհին, այդ թվում և եվրոպական երկրներին, ինչպես պնդում են այդ երկրների մասնագետները, ասել է վարչապետը։