Միասնական քննություններին դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կջերմաչափվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը հայտնեց, որ քննության ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում կիրականացվի, իսկ եթե դիմորդը դիմակ չունենա, նրանց կտրամադրվի դիմակ։
«Այն դիմորդները, ովքեր ջերմություն կունենան, քննություններին չեն մասնակցի։ Բացառություն կկազմեն այն դիմորդները, որոնք ունեն առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված` մշտապես ունենում են բարձր ջերմություն կամ ջերմության տատանումներ։ Նման դեպքում դիմորդները պետք է տեղամասային պոլիկլինիկայից հիվանդության հիմնավորմամբ թուղթ ներկայացնեն, որից հետո միայն կկարողանան մասնակցել քննությանը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







