ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:
«Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է, միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ևս մեկ առիթ: Այս փուլում շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ իրենից շատ բան է կախված, և պարզ կանոններով, մասնավորապես դիմակ կրելու միջոցով կարող է կարևոր քայլ կատարել համավարակի ընթացքը կասեցնելու ուղղությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը տարածվի՝ վտանգելով իր և իր հարազատների, հարևանների, գործընկերների կյանքն ու առողջությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել:
Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է, մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար:
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով:
Գեղամ Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







