«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ծավալած աշխատանքի համար, որը գոհացրել է ԱԺ համապատասխան հանձնաժողովին՝ նշելով, որ լիահույս են՝ օրենսդրական փոփոխություններից հետո հաջորդ տարի ավելի լայն վերահսկողական աշխատանքի մասին կխոսեն։
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ Հայրապետյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությանը վերադարձված գովազդի իրավունքին:
Պատգամավորը նշեց, որ Հանրայինին գովազդ հեռարձակելու հնարավորություն տալու որոշումը միանշանակ ճիշտ է եղել:
«Յուրաքանչյուր բարեփոխում ունի իր գինը: Տարիներ շարունակ մեդիադաշտում եղել է մոնոպոլիա, և անգամ հեղափոխությունիւց հետո եղել է այդ մոնոպոլիան: Այն չեզոքացնելու համար որոշակի ժամանակ էր հարկավոր: Նախկինում Հանրայինը ունեցել է գովազդի իրավունք, բայց տարբեր պատճառներով դրանից զրկվել է, և մեդիադաշտում ստեղծվել է մեկ անձի կամ խմբի մոնոպոլիա: Դաշտում գործող երեք հիմական ինստիտուտներն են՝ հեռուստաալիքները, գովազդի շուկայի վերաբաշխողի, համակարգողի ինստիտուտը և հեռուստաալիքների ռեյտինգը չափող կազմակերպությունը:
Սույն ինստիտուտները դարձել էին փոխկապակցված մեկ ընդհանրական մարմնի մեջ, որովհետև դրանք պատկանում էին կամ առնվազն փոխկապակցված էին մեկ անձի հետ: Գովազդի հնարավորություն տալով Հանրայինին՝ մենք ստեղծում ենք այլընտրանք: Հնարավորությունը կարելի էր պայմանավորել, օրինակ, սեփական կարիքներով, կամ պետբյուջեի ծախսերի նվազեցմամբ, բայց անկեղծորեն գալիս ենք ասելու, որ սրանով դրված է առաջին հերթին մեդիաոլորտում առկա մենաշնորհի խնդիրը: Մի քանի օր է՝ այդ մենաշնորհը այլևս գոյություն չունի»,- նշեց Հայրապետյանը:
Նա նկատեց, որ այս օրենքով ստեղծվել են մրցակցային պայմաններ։ Պատգամավորը վստահեցրեց՝ քաղաքացիները ցնծության մեջ չեն գովազի ներդրումից, բայց դա այն գինն է, որը վճարվել է ոլորտում նոր խաղի կանոններ ունենալու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







