Հանրապետական ու մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հետուստաընկերությունները գրեթե 100 տոկոսով ապահովում են լիզենզավորված ֆիլմեր ցուցադրելու օրենքի պահանջները։ Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարեց ԱԺ-ում ՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցին, թե որքանո՞վ են հեռուստաընկերությունները հետևում օրենքի պահանջին և ցուցադրում լիզենզավորված ֆիլմեր։
Հակոբյանը նկատեց, որ խնդիրն այլ է՝ ամեն ամիս պահանջում են ցանկը այն ստեղծագործությունների, ֆորմատների, որոնք պահանջում են հեղինակային իրավունք և ստուգում են, սակայն լիազորություններ և հնարավորություններ չունեն ստուգել հեռուստաընկերության և օֆշորային կազմակերպության միջև պայմանագիրը։
«Շատ ժամանակ չարաշահումները հենց այստեղ է թաքնված, այն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ իրական իրավահաջորդը դիմում է մեզ, որ այդ օֆշորային կազմակերպությունն իրավունք չուներ վաճառել այդ ֆորմատը» ,- նշեց նա։
Հակոբյանի խոսքով՝ ներքին թղթավարությունով այդ խնդիրը լուծված է, եթե նախորդ տարիներին տարեկան 50-60 բողոք էր լինում, ապա այս կես տարվա ընթացքում 4-5 բողոք են եղել։
«Նախորդ տարի մոտ 10 հեռուստաընկերություն հեղինակային իրավունքը խախտելու համար տուգանվել էին, ինչը նախկինում բացակայում էր»։ Նրա խոսքով՝ հեղինակային իրավունքը այն ոլորտն է, որը ոչ միայն ներքին կարգավորման խնդիրն է, այլև ՀՀ կարգավիճակն ու վարկանիշն է արտասահմանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







