Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքներում կազմակերպվելիք աշխատանքներին։ Նա նշեց, որ շարունակում է խնդիր լինել հավաքույթները՝ վարակի տարածման համար՝ հանրության մեծ մասը շարունակում է խնդրին վերաբերել զգացմունքային հենքով դիրքորոշվելով։ Նախարարն ընդգծեց՝ յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր կամ անգործությամբ արձանագրվել մահեր։ Ըստ Պապիկյանի՝ էական չէ սգո արարողության ժամանակ մարդը մահացել է կորոնավիրուսից, թե՝ ոչ, թաղմանը ներկա պոտենցիալ հիվանդը կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր։
Նախարարը նշեց՝ համայքի ղեկավարներին տրվել է հանձնարարություն՝ դառնալու հավաքները պարետատան սահմանած չափից ավել թույլ չտալու պատասխանատվություն կրողը։ Սակայն, ըստ նախարարի, զգացմունքայնությունն իրենն անում է՝ դժվար է մարդկանց բացատրել խնդրի կարևորությունը։ Պապիկյանը կոչ արեց լսել համայքապետերի հորդորին, քանի որ սա ոչ մեկի քմահաճույքը չէ, խնդիր է դրված հանրապետությունում կանխել վարակի տարածումը։
Ըստ Պապիկյանի՝ խնդիր է նաև հարսանյաց արարողությունները՝ չնայած, որ ռեստորաններում դրանց անցկացումն արգելված է։ Ըստ նախարարի՝ արգելքով չէ, որ պետք է կարողանանք հաղթահարել սա․ մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն, այդ գիտակցության սերմանումը կախված է յուրաքանչյուրից։ Կլինեն ծնունդներ, հարսանյաց իրադարձություններ, բայց պետք է լինեն սահմանված կարգին համաձայն։ Եթե կա արգելք, պետք չէ նշյալ արարողությունները տներում անցկացնել և ստեղծել վիրուսի տարածման աղբյուրներ։ Նախարարը կոչ արեց հետևել կանոններին և փրկել կյանքեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







