Տավուշի մարզում մասսայական անտառահատումներն այլևս վերացած են, և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Առնվազն 99 տոկոսով Տավուշի մարզում անտառահատման դեպքերը կրճատվել են: Դա պետական կառույցների և հանրային հսկողության արդյունք է, որը վերջին շրջանում շատ է մեծացել»,- նշեց մարզպետը։
Ըստ նրա՝ դա պետական և հատկապես հանրային վերահսկողության արդյունք է: Մարզպետն համոզմունք հայտնեց, որ անտառների վերականգնման աշխատանքները առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան, և անտառային բալանսի էական փոփոխություն կունենանք:
«Վերջին շրջանում շատ է մեծացել հանրային վերահսկողությունը բնակիչների, տարբեր Հկ-ների կողմից, որոնք ուղղակի հանրային հսկողություն են իրականացնում այդ տարածքներում: Դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը: Այսպիսի կազմակերպություններն ուղղակիորեն իրականացնում են անտառպաշտպանություն: Ես համոված եմ, որ անտառի վերականգնմանն ուղղված աշխատանքներն առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան և առաջիկա տարիներին մենք էական փոփոխություն կունենանք մեր անտառային բալանսի մեջ»,- ասաց նա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատանքի մասին խոսելիս մարզպետը նշեց, որ պետք է կադրային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն լինի, և 100 տոկոսով պետք է փոխվի ամբողջ անձնակազմը:
«Նախորդ շրջանում Հայանտառի աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների հետ, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը: Այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն»,- նշեց Տավուշի մարզպետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







