Կիբեռհանցագործություններից և ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ պահանջել են պարզաբանել՝ ե՞րբ և ինչպե՞ս են իրենց վերադարձվելու կորցրած գումարները։
Մինչև ուղիղ հեռարձակման ավարտը կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկը չի մոտեցել ցուցարարներին, հաղորդել է Armenia Today-ի թղթակիցը։
Մասնակիցների խոսքով՝ իրենք գումարներ են կորցրել տարբեր առցանց սխեմաներում՝ ներդրումային հարթակներից օգտվելիս, աշխատանքի առաջարկներին արձագանքելիս կամ այլ գործարքներ կատարելիս։ Նրանք իրենց հետ բերել են «Տուժողի իրավունքը մի՛ դարձրեք երկրորդական», «Քաղաքացուց հափշտակված գումարը պետության եկամուտը չէ՛», «Պետության պարտքն է պաշտպանել քաղաքացուն» և թեմատիկ այլ գրություններով պաստառներ։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը հայտարարել է, որ իրենց հիմնական պահանջը տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքների վերականգնումն է։
«Ե՞րբ են վերականգնվելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները։ Ե՞րբ է վերջապես պետությունը պատասխանատվություն կրելու։ Ե՞րբ է պետությունը պաշտպանելու տուժող ճանաչված քաղաքացուն»,- հարցրել է նա։
Կարագյոզյանը հայտարարել է, որ հետաքննությունների շրջանակում պետական բյուջե է վերականգնվել մոտավորապես 730-740 միլիոն դրամ (2 մլն դոլար), սակայն տուժող ճանաչված քաղաքացիները փոխհատուցում չեն ստացել։
Նա նաև հայտարարել է, որ Քննչական կոմիտեն գործերի առաջընթացի մասին պաշտոնապես չի տեղեկացրել։ Կարագյոզյանը հիշատակել է ավելի վաղ 75 մլն դրամ հայտնաբերելու մասին հաղորդագրությունը՝ պնդելով, որ տուժածների գումարները դրանից հետո էլ չեն վերադարձվել։
ՀԿ նախագահի խոսքով՝ կազմակերպությունը համագործակցում է Արդարադատության նախարարության հետ։ Ներքին գործերի նախարարությունն էլ իրենց ներկայացրած հայեցակարգային առաջարկի վերաբերյալ սկզբում վեց դիտարկում էր ներկայացրել՝ մատնանշելով գործող օրենսդրությանը չհամապատասխանող դրույթներ։ Առաջարկը խմբագրելուց հետո, ըստ Կարագյոզյանի, այն ընդունելի է դարձել նաև ՆԳՆ-ի համար։
Ֆինանսների նախարարությունը, նրա պնդմամբ, չի համաձայնել առաջարկվող մեխանիզմին։ «Ես գումար չեմ տալու»․ այսպես է Կարագյոզյանը ներկայացրել գերատեսչության պատասխանը։
Նրա գնահատմամբ՝ տարաձայնությունը վերաբերում է փոխհատուցումների ֆինանսավորմանը։ Կարագյոզյանը կրկին առաջարկել է այդ նպատակով օգտագործել քննությունների շրջանակում բռնագանձված միջոցները։
Իրավապաշտպանը հայտնել է, որ նոր ահազանգեր են ստանում նաև պետական մարմինների աշխատակիցներից, որոնք դարձել են խարդախության զոհ։
Նա քննադատել է տուժածներին մեղադրելու մոտեցումը՝ օրինակ բերելով 27-ամյա կնոջ, որին, իր խոսքով, քննիչը հարցրել է՝ ինչպե՞ս կարող էր հավատալ խարդախներին։
«Հավատալով՝ որևէ օրենք քաղաքացին չի խախտել»,- հայտարարել է Կարագյոզյանը՝ քննիչներին կոչ անելով զբաղվել խախտումների ուսումնասիրությամբ։
Armenia Today-ի թղթակիցը հարցրել է՝ արդյոք նա տվյալների արտահոսքի վտանգ տեսնո՞ւմ է նոր կենսաչափական փաստաթղթերի համակարգի ներդրման համատեքստում։ Ի պատասխան՝ Կարագյոզյանը հայտարարել է, որ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը պետք է ապահովեն համապատասխան ինստիտուտները։
Նա ենթադրել է, որ կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների բազմաթիվ դեպքերում տվյալների արտահոսքի աղբյուրը կարող են լինել ոչ թե քաղաքացիները, այլ, օրինակ, բանկերը։ Այդ ենթադրությունը հիմնավորող կոնկրետ ապացույցներ նա չի ներկայացրել։
Կարագյոզյանի գնահատմամբ՝ արդյունքների բացակայությունն արդեն անվստահություն է առաջացրել պետական մարմինների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ կազմակերպությունը պահանջել է Քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը և չի բացառել, որ լուծումների բացակայության դեպքում նույն պահանջը կներկայացնի նաև Ֆինանսների նախարարին։
«Մենք շարունակաբար մեր պահանջները ներկայացնելու ենք, բայց զուգընթաց՝ ներկայացնելու ենք նաև անվստահություններն ու հրաժարականների պահանջները»,- հայտարարել է նա։
Կարագյոզյանը մտավախություն է հայտնել, որ բողոքի ալիքը կարող է ուժեղանալ ու չի բացառել հետագայում նստացույցի հնարավորությունը։
Կարագյոզյանը 2025 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրել էր, որ իրենց ՀԿ-ն կիբեռզեղծարարության ավելի քան 250 դիմում ունի ՀՀ քաղաքացիներից, որոնցից ավելի քան 70%-ը կապված է HelloBit-ի հետ։ Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ, տարբեր հարթակներում կիբեռհանցավորության զոհ է 20 000 ՀՀ քաղաքացի։
ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է 2025թ. միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը»։ Կառույցը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ էին վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։
ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։
Կարդացեք նաև՝
«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







